ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

MADE IN TURKEY (մաս 25-րդ)

MADE IN TURKEY (մաս 25-րդ)
01.10.2024 | 17:07

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 24-ՐԴ

(կամ` կե՜ցցե կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում)

ԽՈՐՈՎԱԾԸ ԹԹՈՒ ԹԱՆ ՉԻ` ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԻ

Հետհեղափոխական զարգացումների կառավարելի շղթան, թե՛ առանձին-առանձին օղակներով, թե՛ անտեսանելի հանգույցներով կցված ընդհանրությամբ, Հայաստանի ու նրա հասարակության նկատմամբ կիրառվող շոկային թերապիայի լավ մտածված և իրականության գիտակցման կորստին հանգեցնող սեանսների ամբողջություն է:

Հոգեբանական ցնցակաթվածի հասցնող դրվագներն ու դրանց ամենօրյա բեմադրությունները միտված են մեկ գլխավոր նպատակի` ջախջախել ժողովրդի դիմադրողականության վերջին փշուրներն ու ստանալ կոնֆորմիստ հարմարվողականների միայն ստամոքսով մտածող հասարակություն:

Երբ` «Ղարաբաղի օդը, թոթն ու թվանքի կոթը», «Հող հանձնողին հողին կհանձնենք» շուտասելուկները բերանի ծամոն դարձրածները կհամալրեն պատեհապաշտների շարքերը, մոռանալով մատի փաթաթան հռետորաբանությունը, երաշխավորված կլինեն նաև «երիտհեղափոխականների» ապագա «հաղթանակները» հայոց պետականության ու հայ ազգի ինքնության, լինելության դեմ նրանց մղած դաժան պայքարում:

Մարդկային նման խառնիճաղանջի առկայությամբ միայն հնարավոր կլինի իրականացնել դրսից պարտադրվող երկրակործան ցանկացած ծրագիր, ընդհուպ մի ամբողջ սերնդի գլխատում և Արցախի հանձնում:

Տեղին է մտաբերել Միքայել Նալբանդյանի հայտնի ձայնարկումը` «կեցցե՜ կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում»:

Հեղափոխական դեմոկրատի բանաձևումը մեր օրերի հոլովույթում «թարգմանաբար» կնշանակի` կեցցե՜ կոնֆորմիստ անտարբերների ու վարչապետ կարգվածի գիրկընդխառն մետամորֆոզի թորվածքը` Մաշտոցի պողոտայում 124 միլիոն դրամով համեմված խոզի խորոված խժռողների կերպավորվարծ բիոզանգվածը:

Առավել «կեցցե՜», երբ վառված ճենճահոտով «ներծծված» խորովածակերությունն ուղեկցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի` Հայաստանի սահմանների հարևանությամբ անցկացվող զորավարժությունների «դատարկ» ծուխումխի ցուցադրմամբ:

Ճի՛շտ եք…

Հետո՞ ինչ, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերաձևման միտումներ են նկատվում:

Ինչու՞ մտածել, որ հենց Հայաստանի ինքնիշխանությունն ու ապագան է դրված նժարին:

Խաչմերուկը, որտեղ գտնվում է ՀՀ-ն, միշտ էլ հզորների աշխարհաստրատեգիական ու աշխարհատնտեսական շահերի բախման կետ է եղել:

Հետո՞ ինչ, որ այդ գործընթացներում որոշակի դերակատարություն է ստանձնելու Թուրքիան:

Հասկանում եմ` որկորին գերեվարվածների համար ծիծաղելի եզրահանգում է, թե Արցախը` Հայաստանի վերահսկողության ներքո, լուրջ խնդիր է թուրքական նկրտումների ֆոնին, և որ առաջիկայում փորձելու են քանդել հայ ազատամարտիկների` անցյալ դարի 90-ականներից ագուցած ու թուրքի առաջընթացին խոչընդոտող հանգույցը:

Ինչ կապ ունի ողջ ասվածը հայոց գրերի գյուտի հեղինակի անունը կրող պողոտայում կազմակերպված «խաղաղ խորովածակերության» հե՞տ:

Բացարձակ ո՛չ մի կապ:

Վայելե՛ք ծուխումխին խառնված` մանղալներից երկինք բարձրացող խոզահոտի խեղդող, սակայն ոմանց խելքամաղ անող բուրմունքը:

Առավել ևս` ադրբեջանա-թուրքական օրեցօր աճող սպառնալիքի համայնապատկերին:

Ո՛չ Ալիևն է խոզի միս ուտում, ո՛չ էլ նրա մեծ եղբայրը` Էրդողանը: Է՜հ, քանի որ իրենց կրոնի պարտադրմամբ զրկված են սեփական երկրների պետբյուջեների հաշվին անվճար խոզի խորոված վայելելու հաճույքից, ինչ-որ «հիմարությամբ» պիտի՞ չեզոքացնեն իրենց պարապությունը:

Ասենք` ցուցադրեն Ադրբեջանի ռազմական հզորությունը, մեր «խորովածի փառատոնը» նսեմացնելու դիտավորությամբ:

Որպես «վառված» սրտի մխիթարանք էլ ծուխումուխը կապել, ընդամենը խորովածի իմիտացիա են ստեղծում` «կռիվ-կռիվ» են խաղում, ցուցադրելով «Բայրաքթար»-ների հարվածներից անմանղալ խորովվող մուլյաժները:

Ինձ մի՛ խմբագրեք:

Ես շա՜տ լավ գիտեմ, թե ժողովուրդն ի՛նչ սիրտ է ասում: Ճի՛շտ եք` «վառված»-ի փոխարեն հենց այդ բառն է օգտագործում:

Ձեր հիշատակածը, սակայն, կոպիտ է, որպես հայհոյանք կհնչի: Ո՜նց կարելի է մարդու օրգանիզմի կարևոր «ատրիբուտին» նման կեղտոտ որակում տալ:

Առավել ևս, որ կրծքավանդակի միջին հատվածում տեղակայված, տվյալ պարագայում` թուրքի մարմնի անհրաժեշտ անոթներին արյուն մղող մկանային այդ օրգանի «գռեհիկ» բնութագրմամբ, կհարվածենք մեր մաքրաբերան, ասել է` մաքրախոս, նրբազգաց, քնքշասիրտ վարչապետի հոգու նուրբ լարերին ու կհարամենք իջևանյան ազնիվ խոզից կերած մի կտորը:

Դուք հո սադիստ չե՞ք:

Էրդողանն ու Ալիևը, թող անկրակ փոշու ամպեր երկինք հանեն, ստամոքսին ո՛չ մի օգուտ չբերող ու այն չլցնող դատարկությունների վրա ծախսեն իրենց ժամանակը:

Իսկ մեր անթրաշ վարչապետն իսկական գործով է զբաղված. նախ ապսպրել է փակել Մաշտոցի պողոտան` վերից- վար, մանղալներ տեղադրել, վառելիք ապահովել: Բա շամփուրնե՜րը, կրակը վառելը:

Դատարկ «կռիվ-կռիվ» խաղալ չի, է՜: Ո՛չ էլ զենքի ու ռազմամթերքի թիթիզ ցուցադրություն:

Խորովածը թթու թան չի` ամեն մարդու բան չի: Արվեստ է, բարձր արվեստ (հանկարծ չշփոթեք արհեստի հետ): Լուրջ նախապատրաստություն, մանրակրկիտ աշխատանք պահանջող արարողություն է, որի պատրաստման գաղտնիքներին ու նրբություններին ամենայն հմտությամբ տիրապետում է մեր «խորովածաբան-խորովածագետ» վարչապետը:

Նայեք, թե «փողոցային խորովածի» պատվին ի՜նչ էնտուզիազմով է պատասխանում լրագրողների հարցերին:

Դեմքի ի՜նչ գորովալից արտահայտությամբ է անցնում մանղալից-մանղալ:

Ո՜նց է մսավաճառի խանութի մոտ կանգնած Ներսես-ախպոր կլանված հայացքով հմայվում շամփուրներին շարված կտորների տեսքից:

Ի՜նչ իմաստալից մտքեր է հայտնում, հետո մի լավ կտոր է համտես անում, ապա երկրոդը, երրորդը, մի տեղ էլ բերանից վազող ջրերը հազիվ զսպելով, բոյից երկար լավաշը մեծ արագությամբ փաթաթում է շամփուրին, ձեռնածուին հատուկ ճարպկությամբ ակնթարթորեն փոխատեղում խորովված խոզի դիրքավորված կտորները, դատարկ շամփուրը փոխանցում տեղապահ-մանկլավիկներին, ուշադիր ջոկջկում ձեռքում հայտնված «ավարն» ու սրտի ուզած կտորը հավերժական սովածի անկշտությամբ խոթում բերանը:

Էրդողանը կամ Ալիևը կարո՞ղ են նման աճպարարություն անել:

Երբե՛ք:

Բայց էս ի՜նչ դժգոհ տեսակ եք: Ձրի հյուրասիրության մեջ էլ եք «մազ» փնտրում: Չգիտ՞ք, որ «նվեր տված» ձիու, կներեք`իջևանյան խոզի ատամները չեն հաշվում:

Հետո՞ ինչ, որ բոլոր մասնակիցները չկարողացան ստամոքսները լցնել պետբյուջեի հաշվին: Եթե անկեղծ` մեզանից ոմանք, գյումրվա բարբառով ասած` «իսան» չեն, հաց հարամող են:

Մարդկանց կերած մի կտոր խորովածը քթերից են բերում:

Դուք ուրիշ բան ու գործ չունե՞ք:

Խորովածը հայկական ուտեստ է: ՈՒտողն էլ, ի վերջո, թուրք չի:

Հետո՞ ինչ, որ խոզն Իջևանից է:

Ի՞նչ գիտեք, թե բոլոր խոզերը չեն մորթվել, թե կոռուպցիոն գործարք է կատարվել:

Ի՞նչ կոռուպցիա` խորովածացուն սեփական խոզաբուծարանից, գումարն էլ…

Էլի՛ տնից:

Մոռացե՞լ եք ինչպես խոսեց…

Զրադաշտը չէ՛, վարչապետը:

Մոռացե՞լ եք` 50 միլիոն արժողությամբ նրա ունայն շարադրանքը:

Մոռացե՞լ եք, թե տարբեր վայրերում տեղակայված գովազդային վահանակներից, ինչպես էր մեր աչքերն ու համբերությունը բռնաբարում «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» դատարկաբանությունը:

Մինչդեռ, ամենևին էլ զառանցանք չէր մատուցված պրիմիտիվիզմը: Նա փաստում էր, որ «թավշակալած» աջը (եթե իհարկե ձախլիկ չէ) ազատ-անկաշկանդ կմտցնի «սեփական» «ընտանիքի» կամ «օջախի» գրպանն ու կվեցնի որքան պետք է:

Հասկացա՞ք:

Էլ ի՜նչ կոռուպցիա, ի՜նչ կողոպուտ:

124-ից 100 միլիոնը տարան Իջևան` խոզերի հետ փոխանակելու, 24 միլիոնն էլ լավաշ էր, մի թաս խմելիք էր, երաժիշտներ էին, բան էին ծախսվեց` գնաց:

Եվ հետո, ի՞նչ պարտադիր էր, որ բոլորը համտեսեին իջևանյան խոզի համը:

Նման փառատոներն արհամարհողները հավերժական դժգոհներն են:

Այո՛, կան հավերժական սովածներ, կան նաև հավերժական դժգոհներ: Վերջինները չեն հասկանում գլխավորը`«խորովածապաշտությունը» կարևոր արարողակարգ է, դրանից բխող բոլոր ածանցյալներով:

Հարթ-անսայթաք է դառնում դեպի մարդկային ու տարածքային կորուստներով գերհագեցած` «ապագա կա՛» անհեթեթությունը ձգվող ուղին, երբ մեկտեղվում են վերևների ու ներքևների` «խորոված»-ային մտածողությունը, միաձուլվում են, վերածվում «մի փոր հաց»-ով մտածող ու գոյատևող խառնամբոխի:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 24-ՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ի՞նչ է հայաստանյան հետհեղափոխական զարգացումների կառավարելի շղթան:

2. Ինչի՞ն են միտված հոգեբանական ցնցակաթվածի հասցնող դրվագներն ու դրանց ամենօրյա բեմադրությունները:

3. Որո՞նք էին հայտնի շուտասելուկները, որ 2018-ի գարնանից դարձան առ ոչինչ:

4. Միքայել Նալբանդյանի բանաձևումը մեր օրերի հոլովույթում «թարգմանաբար» ինչպե՞ս կհնչի:

5. Հայաստանի սահմանին ի՞նչ էր «խաղում» խորովածի իմիտացիա ստեղծած թուրք- ադրբեջանական տանդեմը:

6. Ինչպիսի՞ արվեստ է խորովածը:

7. Նվեր տված ո՞ր կենդանու ատամները չեն հաշվում:

8. Ի՞նչ գործարք էր կատարվել «խորովածակերության» անվան տակ:

9. Ի՞նչ արժեք ուներ վարչապետի ունայն շարադրանքը:

10. 124 միլիոնից որքա՞նը փոխանակվեց խոզերի հետ:

11. Ինչի վրա ծախսվեց 24 միլիոնը:

12. Ինչի՞ն է նպաստում «խորոված»-ային մտածողությունը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 10752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ